
Citylife.am- Էմմա՛, չնայած նրան, որ դուք ամենագրագետ և ամենագեղեցիկ հաղորդավարուհիների ցանկում եք, Ձեր մասին շատ քիչ տեղեկություններ է հայտնի. հետաքրքիր է ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում։
Էմմա– Ես մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Հեռուստաընկերությունում հայտնվել եմ հենց որպես լրագրող: Nախկին ArmNews-ում աշխատում էի` որպես մշակութային նորություններ լուսաբանող լրագրող, որը ղեկավարում էր Արտակը Ալեքսանյան, այնուհետև ArmNews-ը բազմաքանդվեց, լրագրության բաժինը տեղափոխվեց Արմենիա հեռուստաընկերություն, ղեկավարության գլուխ եկավ՝ Հրաչյա Քեշիշյանը, ով ինձ առաջարկեց ուժերս փորձել` որպես հաղորդավար: Մինչև այդ հաղորդավարական փորձ չեմ ունեցել, առաջարկը եղավ ArmNews հեռուստաընկերությունում վարել <<Երեկոյան Երևան>> հաղորդաշարը՝ Դիանա Մալենկոյի, Արտակ Վարդանյանի հետ: Արդեն մոտ 2 տարի է ինչ աշխատում եմ: Մինչ այդ ծրագրերումս չկար մտադրություն, որ լինեմ հեռուստատեսային դեմք, աշխատեմ կադրում, ես միշտ սիրել եմ աշխատել կադրից դուրս՝ որպես լրագրող։ 

Citylife.am-Այսինքն՝ մանուկ հասակի երազա՞նք չէր դառնալ հաղորդավարուհի:
Էմմա– Մանուկ հասակի երազանք էր հեռուստատեսությունը ամբողջովին` նյութ պատրաստելը, նկարահանումներ անելը, մոնտաժելը, տեքստ գրելը: Հեռուստատեսության ամբողջ աշխատանքը ես սիրել եմ, հաղորդավարությունը ևս բացառություն չէ, որովհետև մտնում է այդ ամեն ինչի մեջ ու քանի որ իմ մասնագիտությունը, որը ես եմ անում հիմա ունի լրագրության հետ կապ, նյութերը մենք ենք պատրաստում, իմֆորմացիան մենք ենք գտնում, մենք ենք հրամցնում, այնպես որ դա ինձ շատ հոգեհարազատ է:
Citylife.am-Ինչպես կինոն և թատրոնն են իրարից տարբեր, այնպես էլ հաղորդավարությունը և լրագրությունն են տարբեր:Այնուամենայնիվ որ՞ն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
Էմմա- Հիմա արդեն հաղորդավարությունը, բայց այսպես ասեմ՝ լրագրությունը հաղորդավարությունից ինչքան էլ տարբեր է, մեկը մյուսին շատ է օգնում, ինչպես կինոյում և թատրոնում, նույն էլ իմ պարագայում, լրագրողական կրթությունը ինձ օգնում է ավելի ճիշտ, ավելի գրագետ, ավելի օպերատիվ ինֆորմացիա տրամադրել, օրինակ՝ եթե ես չլինեի մասնագիտությամբ լրագրող, նույն ապրիլյան դեպքերի ժամանակ Ստեփանակերտից աշխատելը ավելի դժվար կլիներ: Անփորձ գնալ ու լուսաբանել ինչ-որ բան շատ դժվար կլիներ, բայց քանի որ ես այդ ամենին տիրապետում եմ, ավելի հեշտ է աշխատելը :

Citylife.am- Կա՞ ուրիշ ոլորտ, որտեղ կցանկանաք հանդես գալ:
Էմմա– Սիրում եմ վավերագրական ֆիլմեր: Վավերագրությունը ընդհանուր առմամբ շատ եմ սիրում, ազատ ժամանակ փորձում եմ զբաղվել վավերագրական ֆիլմերի նկարահանմամբ, դասերի եմ հաճախում, ուսումնասիրում եմ: Նույն ապրիլյան դեպքերից հետո մեկնել եմ Ղարաբաղ, փորձել եմ վավերագրական ֆիլմ նկարահանել, զուտ ինձ համար: Դա ավելի շատ հոբբի է, քանի որ զբաղվածությունս այնքան մեծ է, և դա է պատճառը, որ չեմ կարող ասել՝ մի քանի տարի հետո կարող եք տեսնել ինչ-որ ֆիլմի ռեժիսոր՝ Էմմա Հակոբյան: Եթե մի գործ ես անում, ապա ամբողջովին պետք է նվիրվես դրան:
Citylife.am- Ունենալով տարբերվող ոճ, ապրելով միևնույն հասարակությունում՝ ապրում եք հասարակության սկզբունքներո՞վ, թե՞դուք ունեք Ձեր իսկ ստեղծած մոլորակը:
Էմմա- Նայած ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում: Ինչքան էլ դու քո մոլորակում ես ապրում, պետք է ինտեգրվել հասարակության մեջ: Իմ պարագայում ես աշխատում եմ հասարակության հետ, հասարակությունը, եթե կարելի է ասել իմ հիմնական <<գնորդն է>>, այն ապրանքը , որը ես եմ հիմա առաջարկում, հասարակությունն է գնում: Ամեն կերպ փորձում եմ ինտեգրվել հասարակության մեջ, իսկ իմ մոլորակում գտնվում եմ միայն այն ժամանակ, երբ ես մենակ եմ, երբ ամեն բան առնչվում է ինձ:

Citylife.am-Ունե՞ք սիրելի հեղինակ:
Էմմա- Հերման Հեսսե:
Citylife.am- Ո՞րն է Ձեր սիրելի ստեղծագործությունը:
Էմմա– <<Տափաստանի գայլը>>
Citylife.am- Բնավորության գիծ :
Էմմա– Սխալվելուց չվախենալը: 

Հարցազրույցը՝ Նազիկ Գալստյանի /Citylife.am/
