Ցածր ինքնագնահատական ունենալը հոգեբանական խնդիրների մեջ բավականին բարձր տոկոս է կազմում. Լիլիթ Խաչատրյան

Արդի հասարակության մեջ բավականին շատ են հոգեբանական խնդիրները: Մեզ հուզող հարցերի վերաբերյալ զրուցեցինք «Փսիլայֆ» աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ:

Citylife-Ինչպե՞ս ընտրեցիք հոգեբանի մասնագիտությունը և արդյոք Ձեզ համար   դժվար չէ՞ր  գրեթե ամեն օր հանդիպել լուրջ հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց հետ:

Լիլիթ Դեռ մանկուց սիրում էի ուսումնասիրել և ճանաչել մարդուն, վերլուծել արարքներ, գտնել կապեր, հասկանալ և զգալ ուրախություն, տխրություն, հոգեկան ցավ: Եվ իմ մասնագիտության ընտրության մեջ մեծ դեր խաղացին և անձնային առանձնահատկություններս, և մասնագիտության նկատմամբ իմ մեծ սերն ու կանխակալ վերաբերմունքս, ինչպես նաև մեծ նպատակս հասկանալ և օգնել մարդուն:  Իհարկե, ինչպես և ցանկացած մասնագիտություն ունի իր մասնագիտական բարդությունները, առավել ևս հոգեբանի մասնագիտությունը, քանի որ հոգեբանի մոտ ոչ ոք իր ուրախ կյանքը չի կիսում, դրանք  տարբեր անհատական  պատմություններ են, որոնցից ոչ մեկը նման չի մյուսին, որոնցում կա ցավ, տառապանք, անհաղթահարելի զգացումներ, մերժված, անտեսված, արհամարված լինելու զգացումներ, անկարողություններ, վախեր, բաժանումներ և այլն: Քեզ դիմած յուրաքանչյուր այցելուի անվերապահորեն ընդունում ես,  դառնում իր համար մեկը, ով լսում և ընդունում է առանց գնահատելու, քննադատելու, ազնիվ և անկեղծ: Կարծես մթության մեջ ուղեկցում ես իրեն, օգնում բացել իր համար անտեսանելի անկյունները և իր հետ ճանապարհորդում իր ողջ կյանքի միջով: Սիրում եմ իմ աշխատանքը շատ, և հաճույքով կատարում եմ իմ գործը, ամեն անգամ մեծ բավականություն  եմ ստանում, երբ տեսնում եմ թե ինչպես է աստիճանաբար փոխվում այցելուն մեր միասնական աշխատանքի ընթացքում :

Citylife-Տեղյակ եմ, որ 2015թ-ին հիմնել եք <<Փսիլայֆ>> հոգեբանական աջակցման կենտրոնը: Համարվում եք հիմնադիր տնօրենը: Մի փոքր կպատմե՞ք կենտրոնի մասնագիտական գործունեության մասին:

Լիլիթ Իհարկե: 2015 թվականին իմ սեփական նախաձեռնությամբ հիմնել եմ <<Փսիլայֆ>> հոգեբանական աջակցման կենտրոնը, քանի որ ինձ դիմող հոգեբանական աջակցման կարիք ունեցող անձանց թիվը շատ-շատ էր, և բացի դրանից ունեի իրագործելու շատ գաղափարներ, ծրագրեր: Կենտրոնը գործում է մի քանի ուղղություններով՝ աշխատանք երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ, թերապևտիկ, և ուսուցողական և շտկողական թրեյնինգներ, հոգեբանական փաթեթային գնահատումներ և ախտորոշումներ, գիտական  հետազոտություններ: Երեխաների և դեռահասերի խնդիրների հետ աշխատանքի ուղղվածություններն են՝ տարաբնույթ վախեր, ագրեսիվ  և հակասոցիալական վարքագիծ, տարանջատման տագնապներ, մանկական նևրոզներ, վարքագծային խանգարումներ՝ հիպերակտիվություն, անհնազանդություն և այլն, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, զարգացման խանգարումներ՝ աուտիզմ, դպրոցական ուսուցման դժվարություններ, հասակակիցների հետ կոնֆլիկտներ, մեկուսացում, մասնագիտական կողմնորոշում և այլն: Մեծահասակների հետ տարվող աշխատանքային ուղղություններն են՝ նևրոզներ, դեպրեսիվ վիճակներ, վախեր, տագնապներ, վիշտ և կորուստ, սթրեսներ, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, ընտանեկան և զույգային կոնֆլիկտներ, անինքնավստահություն, սոցիալական հմտությունների դժվարություններ և այլն: Բացի դրանից իրականացվում են խմբային ուսուցողական և թերապևտիկ թրեյնինգներ դեռահասների, տարբեր տարիքային շրջաբաժանումներով առանձնացված ծնողների, հղիների և  տարեցների խմբերում: Հոգեբանական խնդիրների  հայտնաբերման և շտկման նպատակով կենտրոնն իրականացնում է հոգեբանական փաթեթային գնահատումներ, ախտորոշումներ աշխատանքային և բիզնես կոլեկտիվներում,  ուսումնական հաստատություններում և այլ խմբերում, որի արդյունքում տեսանելի են դառնում հոգեբանական խնդիրների հաղթահարման ելքերը և ռազմավարության մշակման ուղիները: Հոգեբանական աջակցման կենտրոնին կից գործում է նաև <<Լայֆ>> մանկական զարգացման կենտրոնը, որի նպատակը երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացումն ապահովելն է և նախապատրաստելը դպրոցական ուսուցմանը:Citylife- Վերջին շրջանում մարդիկ բավականին շատ են դիմում հոգեբանի օգնությանը: Բայց կա  նաև հարցի մյուս կողմը: Արդյոք այցելությունները հասանելի՞ են հասարակության բոլոր խավերին:

Լիլիթ – Այո՛, վերջին շրջանում հոգեբանի ինստիտուտը և դիմելիությունը մեծ թափ է ստացել: Իհարկե, մեր սոցիալ-տնտեսական պայմանները հաշվի առնելով հոգեբանական ծառայությունը այդքան էլ հասանելի  չէ սոցիալական բոլոր շերտերին: Դա մեղմելու նպատակով <<Փսիլայֆ>> հոգեբանական աջակցման կենտրոնում ունենում  ենք  բաց դռների օրեր, մշակել ենք զեղչային համակարգ, որպեսզի կարողանանք օգնել այն բոլոր մարդկանց, ովքեր իսկապես ունեն հոգեբանի աջակցման կարիք:

Citylife-Ո՞ր դեպքում կարելի է հասկանալ, որ տվյալ անձը ունի ոչ թե հոգեբանի , այլ հոգեբույժի կարիք:

Լիլիթ – Հոգեբանի կարիք իրականում ունենում են գրեթե բոլորը, երբ մարդու մոտ առաջանում են ծանր ապրումներ, հոգեվիճակներ, հայտնվում է անելանելի, անզոր իրավիճակում և այլն, որի դեպքում  ամենակարևորը անձը ինքն է դիմում  հոգեբանի օգնությանը  և ցանկություն ունենում ձերբազատվելու խնդրից:  Իսկ երբ անձի մոտ տեղի են ունենում ախտաբանական փոփոխություններ, արդեն կարիք է լինում դիմելու հոգեբույժի: Սովորաբար ոչ թե անձն է դիմում հոգեբույժի, այլ իրեն ուղղորդում են  մասնագետները, ընտանիքի անդամները, հարազատները: Անձը ունենում է անհեթեթ, անհիմն մտքեր և դրանով պայմանավորված վարք, բացասական առումով անճանաչելիորեն փոխվում է, առկա է լինում արտասովոր, տարօրինակ, իրականությանը չհամապատասխանող  փոփոխություններ տարբեր գործունեություններում՝ տանը, դպրոցում, աշխատանքի վայրոմ: Եվ որպես կանոն հոգեբույժը բուժում է դեղով, հոգեբանը` խոսքով:Citylife-Քանի՞ այցելությունից հետո է անձի մոտ դրական տեղաշարժ նկատվում:

Լիլիթ – Շատ տարբեր է՝ կախված  խնդրի պատմությունից և անձի առանձնահատկությունից, փոփոխությունը կարող է հենց առաջին հանդիպումից նկատվել, կարող է նաև 3–4 հանդիպումից կամ ավելի շատ:

Citylife- Կան մարդիկ, ովքեր ունեն ինքնագնահատականի ցածր զգացում: Ըստ Ձեզ ի՞նչն է դրա պատճառը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ամենից ձերբազատվելու համար:

Լիլիթ – Ցածր ինքնագնահատական ունենալը հոգեբանական խնդիրների մեջ բավականին բարձր տոկոս է կազմում: Իհարկե, հիմքը միշտ ընտանիքում պետք է փնտրել, այսինքն՝ ժամանակին ինչպես են պատժել, խրախուսել, սիրել, ինֆորմացիա տվել և այլն: Ամենաարդյունավետ միջոցը հոգեթերապիաների հաճախելն է:

Citylife– Երբ հոգեբանական խնդիրներ առաջանում են դեռահասության տարիքում, արդյոք դա կարո՞ղ է որևէ կերպ կապ ունենալ ծնող-երեխա հարաբերութունների հետ:

Լիլիթ – Դեռահասության տարիքի խնդիրները միայն ծնող-դեռահաս ոլորտը չի ընդգրկում, թեև ամենավառն է արտահայտվում և սկսվում է բունտ-բողոքը ծնողների հետ, քանի որ իրենց վարքը ծնողական խնամքից ազատագրման է ուղղված լինում: Ինչ խոսք կախված ծնողական դաստիարակության ոճից, հարաբերության ձևից դեռահասության տարիքի ճգնաժամային խնդիրները կարող են ավելի սրվել կամ, ընդհակառակը, օգնել երեխային հեշտ հաղթահարելու դրանք, որոնք կապված են սեռական հասունությամբ պայմանավորված սեփական մարմինը ընդունելու, ընկերական խմբերում ինքնահաստատվելու,  նախկին  մանկական ես-կերպարից ազատագրվելու հետ:Citylife– Լիլի՛թ, երբ մարդիկ չեն ցանկանում ընդունել իրենց հոգեբանական խնդիրները, այդ դեպքում Ձեր մասնագիտական խորհուրդները կարո՞ղ են օգնել այցելուին:

Լիլիթ – Կարևորում եմ ասել, որ հոգեբանը հոգեթերապիաների ժամանակ երբեք խորհուրդ չի տալիս, թեև  կա այդ պատկերացումը մարդկանց մոտ, որ հոգեբանը խորհուրդ  տվող մեկն է: Իհարկե, հոգեբանի մոտ գնալու արդյունավետության ամենակարևոր պայմանը սեփական ցանկությունն է, եթե դա բացակայում է ուստի անիմաստ է դառնում հոգեբանի աշխատանքը: Երբ սեփական խնդիրը լուծելու կարիքը  հասունանում է, անձը պատրաստ է վստահելու, հետազոտելու իրեն, իր կյանքը, տեսնելու իր թաքնված կամ մոռացված ապրումները, իրադարձությունները, այդ դեպքում նոր  անձը կարողանում է կառուցել իր եսի ամբողջական փազլը:

Citylife-Կան մարդիկ, որ հոգեբանի մոտ այցելությունները զուտ ժամանակի կորուստ են համարում: Ինչպե՞ս եք  վերաբերվում այդ կարծիքներին : Եվ ի՞նչ խորհուրդ կտաք նման մարդկանց:

Լիլիթ – Այո՛, ինչպես և կան մարդիկ, ովքեր չեն վստահում բժիշկներին, ուսուցիչներին, այդպես էլ կարող են լինել մարդիկ, ովքեր հոգեբանի նկատմամբ կունենան բացասական վերաբերմունք, կհամարեն անիմաստ ժամանակի կորուստ: Նորմալ եմ վերաբերվում, բնականաբար, դա էլ մարդու հոգեբանական արտացոլումն է, վերաբերմունքը այդ մասնագիտությանը: Իմ մասնագիտությունից ելնելով՝ ինձ համար ընդունելի է ցանկացած մարդու մոտեցում,  որոշում և կարծում եմ, որ ցանկացած մարդ՝ ենթագիտակցորեն, թե գիտակցորեն ձևավորում է դիրքորոշումներ և ուղղորդվում դրանցով:

Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/