Նա այն եզակի երգիչներից է, ով տարբերվում է իր յուրօրինակ ոճով, նա չունի երկրպագուների շատ մեծ բանակ, բայց ունի քիչ թվով երկրպագուներ, ովքեր գնահատում են նրա ոճը:
Citylife.am- Նի՛կ, արդեն երկար ժամանակ է` հայ հանդիսատեսը ճանաչում է Ձեզ: Դուք ունեք երկրպագուների բավականին մեծ բանակ: Չե՞ք պատրաստվում մենահամերգով հանդես գալ:
Նիկ-Այս տարի նոր ձայնասկավառակ եմ թողարկելու, լինելու է 12 երգ, մնում է ավարտին հասցնեմ: Վերջացնելուն պես անպայման կլինի մենահամերգը, բայց ոչ շատ մեծ, որովհետև իմ երկրպագուները մի փոքր ուրիշ են: Մտադրվում եմ այդ ամենը իրականացնել իմ ծննդյան օրը, իսկ ձայնասկավառակի անունը՝ երկու տարբերակների մեջ եմ տատանվում՝ կամ <<Մոնոխռոմ>>, որը նշանակում է մի գույնի մեջ՝ սև, սպիտակ հիմնականում, իսկ մյուսը՝ <<Բաժանման 12 ձևերը>>, քանի որ բոլոր 12 երգերն էլ դանդաղ են, ու հիմնականում բաժանման մասին։
Citylife.am-Ձեր նամանավանդ վերջին երգերը շատերի սրտերին են հոգեհարազատ, իսկ Նիկ Էգիբյանի սրտին և ականջին ու՞մ երգերն են հարազատ:
Նիկ– Իրականում ես սիրում եմ ամեն ոճի երաժշտություն, քանի որ առաջին հերթին ես երաժիշտ եմ: Վերջին մի քանի տարում անում եմ գործիքավորումներ, երգեր եմ գրում, քանի որ պատվիրատուները տարբեր են, ստիպված եմ լինում բոլոր ժանրերն էլ լսել՝ ռուսական փոփից սկսած մինչև վերջին շրջանի ամերիկյան փոփը: Հիմա ինչը գտնվում է թոփ 10-ի մեջ անպայման լսում եմ, որովհետև գործիքավորողի համար թրենդներից դուրս մնալը ամենաահավոր բանն է։ Citylife.am-Ո՞րն է այն հարթակը, որտեղից միշտ ցանկացել եք հանդես գալ և ինչու՞:
Նիկ– Որպես այդպիսին հարթակներ չկան, որտեղից կցանկանամ հանդես գաս, բայց կան պաշտոներ, որոնք կցանկանայի ստանալ: Միշտ ցանկացել եմ երաժշտական դպրոցում լինել ինչ-որ պաշտոնում, հիմա դասավանդում եմ վոկալ երաժշտական դպրոցում: Ապագայում կցանկանայի տնօրենից մինչև կոնսերվատորիայի ռեկտոր, այնուհետև՝ լինել կուլտուրայի նախարար, քանի որ մշակույթը նախարարների ձեռքում է գտնվում, թե ինչն է գրաքննության հանձնվում, ինչն է գնում եթերներով: Ունենալով այն գիտելիքների պաշարը,որը ես ունեմ, կկարողանամ ինչ-որ չափով պիտանի լինել: Բայց եթե դա լինի, կլինի մի 20-30տարի անց, այդ ժամանակ էլ ավելի մեծ գիտելիքներ կունենամ։
Citylife.am-Լինել միշտ ուշադրության կենտրոնում, տեսնել անցորդների համակրանքը կամ հակակրանքը, ինչպե՞ս եք շրջանցում հակակրանքով լցված աչքերը:
Նիկ– Չեմ շրջանցում, եթե մոտենում են խնդրում են նկարվել կամ խոսել, ես չեմ մերժում, բայց հիմնականում բացասական վերաբերմունք չեն ցուցաբերում: Մարդկանց այն հատվածը, ովքեր ինձ ճանաչում են, իրենց թույլ չեն տալիս տհաճություն պատճառել, ես բավականին հանգիստ կյանք եմ վայելում, այդ պատճառով էլ երբեք չեմ ցանկացել լինել լույսերի տակ, հանրության կենտրոնում: Ինչքան ուշադրության կենտրոնում եմ հիմա, ինձ լռիվ բավական է: Տեսնելով իմ երգիչ ընկերների կյանքը՝ չէի ցանկանա նման կյանքով ապրել: Նրանք չեն կարողանում գնալ այն տեղերը, որտեղ ես եմ գնում, չեն կարողանում պարզապես զբոսնել, ինչը իմ համար ամենակարևոր բանն է ,շատ եմ սիրում զբոսնել, քայլել գիշերային Երևանով և չէի ցանկանա, որ որևէ բան ինձ խանգարեր։ Citylife.am- Ձեր երգարվեստն ակնհայտորեն յուրօրինակ է իր ոճով: Ինչպե՞ս է ընկալում և ընդունում Ձեզ ավագ սերունդը, ունե՞ք ավագ սերնդի երկրպագուներ:
Նիկ– Ունեմ ավագ սերնդի ընկերներ: Իմ երգերը սիրողները հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներն են: Սուսաննա Պետրոսյանի հետ վերջին շրջանում ներկայացրեցիինք <<Հայրենիք >> երգը, արդեն բավականաչափ գիտեմ, թե որ երգը, որ տարիքի հանդիսատեսի համար է: Փորձում եմ բոլորին ինչ-որ չափ բավարարել, այսպես ասած՝ տալ երաժշտական սնունդ:
Citylife.am- <<Իմ փոխարեն>> երգը մեծ հանդիսատես էր ձեռք բերել պրեմիերա նախագծում: Բոլորը սպասում էին տեսահոլովակին, բայց այն չնկարահանվեց. արդյո՞ք մոտակա ժամանակներում նախատեսվում է նոր տեսահոլովակ:
Նիկ– Չնկարահանվեց տեսահոլովակ, որովհետև եղան այդ երգերից 3 տարբերակներ, պետք է նկարահանվեր Շանթ հեռուստաընկերության պարողների հետ միասին, հետո չստացվեց, որովհետև երկրից բացակայում էինք, իսկ հիմա շատ ուշ է ինձ թվում նորից անդրադառնալ այդ տեսահոլովակին: Դրա փոխարեն ինձ թվում է՝ ավելի լավ է նկարահանենք իմ նոր՝ <<Միլիոնից մեկը>>-ը երգի հիման վրա տեսահոլովակ:
Citylife.am-Հրեղեն աքաղաղից ի՞նչ սպասելիքներ ունեք 2017 թվականի համար:
Նիկ– Ամենամեծ սպասելիքս խաղաղությունն է հիմնականում, բոլոր առումներով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին՝ մեր սահմաններին: 2016թվականը ինձ համար շատ հաջողակ տարի է եղել գործնական առումով: Կցանկանայի՝ մի փոքր շատ դրանից էլի ունենալ : Սպասելիքներս՝ միայն աճ, վերև, ինչքան հնարավոր է զարգացնել գիտելիքներս:
Հարցազրույցը՝ Նազիկ Գալստյանի /Citylife.am/