Պետք է հավատաս, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու. Վարդան Հովսեփյան

Citylife.am-ի զրուցակիցն է սիրված և ճանաչված դերասան Վարդան Հովսեփյանը։ Միասին զրուցեցինք իր մասնագիտական ոլորտից և հասկացանք իր դիրքորոշումը հայկական սերյալների վերաբերյալ։

Citylife.am- Մանուկ հասակում մեր ցանկություններն ավելի շատ հեռանկարային են լինում, և ի վերջո չենք դառնում այն մասնագետը, որի մասին երազում էինք։ Արդյո՞ք Ձեր մանկության երազանքն է եղել դառնալ նա, ով հիմա եք:

Վարդան– Մանկության երազանք, որպես մասնագիտություն չեմ ունեցել։ Իմ կարծիքով ցանկացած դերասան, ով ընտրում է իր ճանապարհը և սկսում է քայլեր անել, որքան էլ շատ սիրի իր մասնագիտությունը չի կարող ասել ինքը կմնա՞ այս ասպարեզում, թե՞ ոչ։ Դերասաններ կան, որոնք կոտրվում են, դերասաններ կան, որոնք հիասթափվում են կամ բիզնեսով են զբաղվում։ Այսինքն՝ բավականին մեծ դժվարություններ կան, պետք է կարողանաս հաղթահարել:

Citylife.am- Յուրաքանչյուր ոք իր նպատակներին հասնելու համար անցնում է երկար ու ձիգ ճանապարհ, իսկ ի՞նչ քայլերի եք պատրաստ Դուք` հանուն Ձեր երազանքների։

Վարդան– Եթե երազանքս վերաբերվում է ընտանիքիս, ապա ամեն ինչի։ Իմ երազանքները մի փոքր ուրիշ են։ Երազում եմ ընտանիքիս առողջություն, երեխաները անհոգ լինեն, թոռնիկներիս հետ նստեմ։ Այ սրանց համար ամեն ինչի պատրաստ եմ։ Citylife.am- Այսօր մեզ մոտ շատացել են սերիալներն ու նախագծերը, սակայն տվյալ դերասաններից շատերը չունեն համապատասխան կրթություն: Արդյո՞ք Ձեզ համար դա ընդունելի է:

Վարդան– Ե’վ ընդունելի է, և’ ոչ։ Ընդունելի է նրա համար, որովհետև նրանք պետք է շատ բարձր դիրքերից փորձեն։ Մենք արդեն դա սովորել ենք։ Երբ որ կրթություն չեն ունենում և հավասարը հավասարի է, այստեղ մասնագիտության արժեքը մի քիչ կորում է: Այս առումով համաձայն չեմ, փորձը ամեն դեպքում պետք է։ Այդպես լիներ աշխարհում բոլորը դերասան կլինեին։ Բայց դա բարդ ու դժվար մասնագիտություն է։ Պետք է ճանապարհ անցնես, պետք է սովորես, կարդաս, հետաքրքրվես ու ամենակարևորը շատ փորձ ունենաս։

Citylife.am- Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու կինոն, թե թատրոնը. ո՞րը կնտրեիք և ինչու՞:

Վարդան– Իրենք իրարից շատ տարբեր են, դերասանի համար երկուսն էլ լավ է։ Պարզ է, որ թատրոնը ուրիշ աշխարհ է, ուրիշ պատմություն, և բնականաբար, կենդանի արվեստ է։ Ավելի շատ ես շփվում հանդիսատեսի հետ։ Ես կենդանի շփումը շատ եմ սիրում։ Հիմա այդ անմիջական կապը միացել է իրար՝ կինոյի և թատրոնի։ Ամեն դեպքում երկուսն էլ լավ աշխարհներ են։Citylife.am- Եթե համեմատական սանդղակով նայենք արտասահմանյան և հայկական սերիալնրին, ի՞նչ տարբերություն կա երկուսի միջև և ի՞նչ մակարդակի վրա է գտնվում հայկական սերիալն այսօր։

Վարդան– Հայկական սերիալները չեմ կարող համեմատել դրսի հետ։ Հիմա սերիալներ կան, որոնք այնքան բյուջե ունեն, որ մենք այսօր շատ ժամանակ չենք կարող գերազանցել իրենց։ Այսօր փոքր բյուջեով աշխատում ենք, ինչը Հայաստանում այդքան էլ հեշտ չէ։ Օրինակ՝ Կայարան հեռուստասերիալի աշխատակազմը նկարահանում են կատարում առավոտյան իննից մինչև մյուս օրվա առավոտյան ութը. նման օրեր էլ են լինում։ Իսկ դրսում, ոչ ոք այդքան չի աշխատի։ Մենք աշխատում ենք այսքան և վարձատրվում քիչ, իսկ նրանք աշխատելով ավելի քիչ՝ վարձատրվում են շատ։ Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու դա ինձ չի էլ հետաքրքրում։ Ամեն դեպքում համեմատելը մի քիչ սխալ է, որովհետև մենք շատ լավ մասնագետներ ունենք, շատ լավ ռեժիսիորներ, դերասաններ։ Եթե լավ հնարավորություն ունենանք, միգուցե, իրենցից առաջ անցնենք։

Citylife.am- Ըստ Ձեզ, կյանքում ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա դերասանը կամ արվեստագետը, որպեսզի իր հանդիսատեսին հետաքրքիր լինի։

Վարդան– Կյանքում դու պետք է հարգես քո հանդիսատեսին ու ամենակարևորը պետք է իրենցից չխուսափես։ Ամեն դեպքում կենցաղում կենդանի շփումից չպետք է խուսափել։ Անկախ քո խնդիրներից պետք է ժպտաս, ցույց տաս, որ ամեն ինչ լավ է, որովհետև հանդիսատեսը քեզ այդպես է ուզում տեսնել։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։

Վարդան– Առաջիկայում գեղարվեստական ֆիլմ կա, որում պետք է նկարահանվեմ։

Citylife.am- Ի՞նչ կասեք այսօրվա սերնդի երիտասարդ դերասանների մասին։ Արդյո՞ք նրանք ունեն հեռանկարներ։

Վարդան– Ես կցանկանամ, որ կապ լինի Եվրոպայի, Ամերիկայի, կամ ընդհանրապես օտար երկրների կինոարտադրողնորի հետ, որովհետև ինչքան շատ ես շփվում, այնքան շատ բան ես սովորում։ Ես կուզեի, որ այսօր մեր շնորհալի դերասանները միջազգային ասպարեզ դուրս գան, դրանով նրանք շատ ավելի ճանաչելի կդարձնեն մեզ։ Կուզեի, որ մեր ազգը ավելի շատ ճանաչվի այլ երկրներում, որովհետև մենք լավ ազգ ենք։

Citylife.am- Ձեր ամենասիրելի ֆիլմը։

Վարդան– Մենք ենք, մեր սարերը։

Citylife.am- Վերջին կարդացած գիրքը։

Վարդան– Նկարահանման ժամանակ կարդացած սցենարս։Citylife.am- Իր, որը միշտ Ձեզ հետ է։

Վարդան– Անձնագիրս։

Citylife.am- Կարգախոս, որով առաջնորդվում եք։

Վարդան– Պետք է հավատաս, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու։

Citylife.am- Շնորհակալ եմ ,Վարդան, անչափ հետաքրքիր հարցազրույցի համար։

Վարդան– Ես էլ եմ շնորհակալ, Հասմի՛կ ջան։

Հարցազրույցը ` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/