Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։
1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց պատմական որոշում <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ>>՝ դրանով իսկ հիմք դնելով հայոց ազգային բանակի ստեղծմանը:Խոսելով հայկական բանակի ձևավորման և զարացման մասին՝ կարելի էառանձնացնել երեք հիմնական փուլ.
Առաջին փուլում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կազմավորվում էին կամավորական ջոկատներ, որոնք ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Երկրորդ փուլը ընդգրկում էր պատերազմական պայմաններում ազգային բանակի ստեղծման շրջանը: Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիային:
Երրորդ փուլում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։ՀՀ զինված ուժերը կազմված են հետևյալ մասնագիտացված զորքերից.
- ցամաքային զորքեր,
- ռազմաօդային ուժեր,
- հակաօդային պաշտպանության զորքեր:
Ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետևյալ զորատեսակներից.
- մոտոհրաձգային զորքեր,
- տանկային զորքեր,
- հրթիռային զորքեր և հրետանի,
- օդադեսանտային զորքեր,
- ինժեներական զորքեր,
- կապի զորքեր։
Հայոց բանակը, հայ զինվորը բազմիցս է ապացուցել, որ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակն է: Այսօր՝ հունվարի 28-ին, հարկ է մեկ անգամ ևս շեշտել և արժևորել հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր՝ թշնամական երկրներով շրջապատված երկրի համար:
25-ամյա երիտասարդ, բայց միևնույն ժամանակ փորձառու և հզոր հայոց բանակ, շնորհավո՛ր տոնդ:
Նյութը՝ Նարեկ Բաղջյանի/Citylife.am/