Արվեստը համաշխարհային խաղաղության լեզու է, և այն միշտ օգնում է, որ ժողովուրդները մոտենան իրար. Անդրե Սիմոնյան

Citylife.am- Ձեր Հայաստան գալը և այստեղ ապրելը եղել է Ձեր պապիկի երազանքը։ Սակայն առանց նրա երազանքի, Դուք միայն Ձեր ցանկությամբ կվերադառնայի՞ք հայրենիք։

Անդրե– Բացի նրանից, որ իմ Հայաստան գալը եղել է պապիկիս երազանքը, իհարկե, դա նաև իմ երազանքն էր։ Պապիկս հայրիկիս օգնությամբ տեղափոխվեց Հայաստան և դրանից հետո, քանի որ այստեղ արդեն հարազատ մարդ ունեի, առաջին անգամ եկա ու Հայաստանը տեսա, և հենց այդ ժամանակ էր, որ հայրենասիրությունը մեջս արթնացավ և ես սկսեցի ամեն տարի այցելել Հայաստան՝ տասը տարի շարունակ։ Ի վերջո հասկացա՝ ժամանակն է, որ  գամ Հայաստան և շարունակեմ պապիկիս սկսած ճանապարհն ու ուղին։

Citylife.am- Անդրե՛, ո՞րն է Ձեր խմբի գլխավոր ասելիքը մարդկանց։

Անդրե– Ուզում եմ, որ իմ ստեղծագործությունները պատճառ դառնան, որ “The beautified project”-ի երկրպագուները կյանքում իրենց ավելի լավ ճանաչեն։ Ինձ համար ամենակարևորը դա է։ Citylife.am- Ինչի՞ց կամ ումի՞ց եք ոգեշնչվում երբ սկսում եք ստեղծագործել. Ինչպիսի՞ն պետք է լինի այդ պահին Ձեր ներաշխարհը։

Անդրե– Ես ոգեչնվում եմ առօրյայում կատարվող ամեն փոքր բանից: Դա կարող է լինել մի բան, որ ես փողոցում եմ տեսնում կամ լրատվական ծրագիր նայելիս, երբ աշխարհի որևէ մասում որևէ բան է կատարվում,  դա ինձ ոգեշնչի, որ երգ գրեմ։ Երգերի իննսուն տոկոսը կարելի է ասել, ինձ մոտ ստեղծվել է գիշերվա մեկից, երկուսից հետո, քանի որ ես սիրում եմ, երբ քաղաքը քնած է լինում և ես իմ մուսայի հետ շփվում եմ,  ստեղծագործում։

Citylife.am- Ըստ Ձեզ ռոքը ի՞նչ ազդեցություն է ունենում մարդու հոգեբանության վրա։

Անդրե– Նույն ռոք երգը կարող է մի մարդու հանգստացնի և քնեցնի, մյուս մարդու մոտ ագրեսիա առաջացնի։ Ինչքանով որ կախված է երաժշտության բնույթից, այնքան էլ կախված է լսողի բնույթից, ներքին աշխարհից, իր առօրյայից։ Մի բան կարող եմ ասել՝ երբ մարդ լսում է իր նախընտրած երաժշտությունը, դա միշտ դրական կերպով է նրա վրա անդրադառնում։Citylife.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ուզում եք բարեկամություն ստեղծել հայերի և թուրքերի միջև։ Չե՞ք վախենում, որ հայ ազգը կարող է չընկալել և չընդունել Ձեր այդ քայլը։

Անդրե– Այո՛, ես միշտ ասել եմ, որ կցանկանամ, որ հայ և թուրք ժողովուրդները հարթեն իրենց խնդիրները և բարեկամանան։ Խոսքը ժողովուրդների մասին է, քանի որ ես չեմ ընդունում Թուրքիայի ղեկավարության և իշխանության մոտեցումը այն հարցերին, որոնք կապված են հայերի հետ։ Հենց այդ պատճառով էլ շեշտը դնում եմ ժողովուրդների վրա, որովհետև միայն ժողովուրդների մեջ խաղաղություն լինելու դեպքում է հնարավոր ապագայում ունենալ հաշտ ու համերաշխ աշխարհ։

Citylife.am- Հայկական երգերը թուրք երաժիշտների կատարմամբ, կարծում եմ, որ այս նախագիծը վերոնշյալ նպատակից է բխել։ Սակայն ինչու՞ ձեռնարկեցիք հենց այս քայլը։

Անդրե– Շատ և շատ դեպքերում մենք տեսել ենք, որ հայ և թուրք ժողովուրդները արվեստի միջոցով բանակցել են և ամեն ինչ ավելի հեշտ է ստացվել, քանի որ արվեստի մեջ չկան լեզուներ, չկա ազգություն, չկա ռասսա։ Արվեստը համաշխարհային խաղաղության լեզու է, և այն միշտ օգնում է, որ ժողովուրդները մոտենան իրար։ Կարծում եմ՝ իմ աջակցությունը շատ լավ արդյունքներ ունեցավ։ Մենք բերեցինք հայ եւ թուրք երաժիշտների, ովքեր տվեցին խաղաղության պատգամը, և շատ հաճելի էր տեսնել, որ հայտնի և ճանաչված թուրք երաժիշտները կատարում էին մեր հին հայկական երգերը, հայ երաժիշտների կողքին նստած՝ Հայաստանում և Թուրքիայում։Citylife.am- Ի՞նչ սպասումներ ունեիք նախագիծն իրականացնելիս, և ի վերջո ի՞նչ ստացաք։

Անդրե Իմ ամենամեծ սպասումն ու նպատակն այն էր, որ մենք կարողանանք տարանջատել քաղաքականությունը արվեստից։ Այս նախագծով մենք կարողացանք դա անել, այսինքն՝ առանց քաղաքականության մեջ մտնելու կարողացանք մաքուր արվեստ ներկայացնել։ Ես հույս ունեմ, որ դա մոդել կդառնա այլ երկրների համար։ Ես շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ խոսքի ազատություն կա։ Ես կարողացա ազատ արտահայտել իմ գաղափարները և Հայաստանում աջակցություն ստացա տարբեր մարդկանց կողմից։ Այս նախագծի հետ կապված ամենամեծ շնորհակալությունս, իհարկե, ուղղում եմ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը՝ հովանավորելու համար։

Citylife.am- Անդրե՛, թուրք երաժիշտներն ինչպե՞ս էին վերաբերվում նախագծին։ Նրանց մոտեցումն ինչպիսի՞ն էր։

Անդրե– Թուրք երաժիշտներն, ովքեր տարիներ շարունակ աջակցել ու հնչեցրել էին հայկական երաժշտությունը հենց Թուրքիայում, այս դեպքում էլ ամենալավ ձևով ջանքեր գործադրեցին, որպեսզի այս նախագիծը կայանա։ Իրենց մոտ էլ նպատակը մարդկային էր՝ պրոպագանդել մարդկությունն ու բարությունը։

Citylife.am- Կա՞ն նոր աշխատանքներ, որ պատրաստվում եք ներկայացնել հեռուստադիտողի դատին։

Անդրե Երբ ես ստեղծագործում եմ, այդ ամենին նայում եմ որպես մի արվեստի գործ, որը տարբեր միջոցներով կհասնի այն մարդկանց, ովքեր հետաքրքրված կլինեն այդ տիպի արվեստով։ Այո՛, ունեմ շատ գաղափարներ տեսահոլովակների, նոր երգերի, և ունեմ նաև շատ նոր գրած երգեր, որոնք դեռ չեն ձայնագրվել։ Անպես որ շատ աշխույժ ստեղծագործում եմ, բայց քանի որ շատ զբաղված եմ նաև իմ Production company-ով, այդ իսկ պատճառով մի քիչ ավելի ուշ-ուշ ենք թողարկում մեր երգերն ու տեսահոլովակները։

Citylife.am- Անդրե՛, ունե՞ք երազանք, որը դեռ իրականություն չի դարձել։

Անդրե Ինձ թվում է` մարդու կյանքն այն օրն է ավարտվում, երբ երազանքներն են ավարտվում։ Ունեմ շատ-շատ երազանքներ, որոնց հասնելու համար երևի երկու-երեք կյանք է պետք։ Իմ ամենամեծ երազանքն այս պահին խաղաղությունն է։ Ես հավատում եմ, որ մարդ արարածը այնքան պետք է զարգանա մտքով, որ ընդհանրապես չմտածի և անհրաժեշտություն չզգա պատերազմներ սկսելու։ Վերջիվերջո, այս կամ տարբեր մոլորակների աստղերի մեջ մենք ունենք մեր Երկիր մոլորակը՝ իր ռեսուրսներով, կենդանիներով, բնությամբ։ Մենք պետք է փորձենք հասկանալ, որ սա պարտքով է մեզ տրված և պետք է լավ պահպանենք, որպեսզի կարողանանք այս մոլորակը փոխանցել այլ սերունդներին։ Դա շատ մեծ երազանք է, որի համար ես ամեն օր ջանքեր եմ դնում և փորձում եմ կողքիններիս էլ ոգեշնչեմ, որ նույն կերպ նայեն այս ամենին։

Citylife.am- Անդրե՛, շնորհակալ եմ սպառիչ, հետաքրքիր և բովանդակալից պատասխանների համար: Ձեզ ցանկանում եմ նորանոր հաջողություններ և թող իրականություն դառնան Ձեր բոլոր նվիրական երազանքները:

Անդրե Ես ևս շնորհակալ եմ նման տարբերվող հարցազրույցի համար, ինչի հետևանքով էլ շատ սիրով և հետաքրքրությամբ պատասխանեցի բոլոր հարցերին:

Հարցազրույցը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/