Դասական երաժշտությունից մինչև ջազ և բլյուզ․ Էդգար Խաչատրյան

Citylife.am- Ողջույն, Էդգա՛ր․ ե՞րբ առաջացավ սերը դեպի երաժշտություն և հստակ ուղղվածությունը դեպի դաշնամուրային նոտաներ։

Էդգար– Այդ սերը գալիս է մանկուց՝ ընտանիքից․ թե՛ մայրս, թե՛ մորեղբայրս երաժիշտներ են, ու փոքր հասակից ունենալով իմ առջև նրանց օրինակը, սկսեցի քիչ-քիչ հետաքրքրվել երաժշտությամբ: Հետագայում, իհարկե, դա վերաճեց զուտ հետաքրքրությունից և դարձավ իմ մասնգիտությունը։

Citylife.am- Էդգա՛ր, դուք դասավանդում եք Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում․ հետաքրքիր է՝ ե՞րբ ունեցաք այն գիտակցումը, որ ժամանակն է Ձեր գիտելիքները և հմտությունները փոխանցել երիտասարդներին։

Էդգար– Կոնսերվատորիան ինքնին պատրաստում է մասնագետներ թե՛ որպես մենակատար, թե՛ որպես դասախոս: Այդպիսով ունենալով համապատասխան դիպլոմ՝ սկսեցի դասավանդել։Citylife.am- Հետաքրքիր է՝ ավելի մեծ բավականություն ստանում եք ուսուցանելու՞ց, թե՞ ինքներդ նվագելուց։

Էդգար– Միանշանակ նվագելուց, բայց դասավանդելը նույնպես ունի իր առավելությունները, քանի որ այդ պրոցեսի ընթացքում մի շարք դետալներ կան, որոնց սկսում ես ավելի մանրակրկիտ մոտենալ։

Citylife.am- Դասական երաժշտություն մեր օրերում կարծես մի փոքր զիջում է իր դիրքերը․ ի՞նչ եք կարծում, ի՞նչ կերպ կարելի է այն ավելի մասսայական դարձնել  երիտասարդների շրջանակներում։

Էդգար– Դասական երաժշտությունն ինքնին նույնիսկ անցյալ դարաշրջաններում նախատեսված է եղել ավելի փոքր լսարանի համար, բայց ելնելով այն փաստից, որ թագավորական տները, այդ բարձր խավը պրոպագանդել են այն, հնարավորություն է ստեղծվել կոմպոզիտորների, երաժիշտների առաջխաղացման համար։ Այսօր մենք ունենք այդ պրոպագանդայի խնդիրը, քանի որ տեղեկատվության աղբյուրները շատ են։ Իհարկե, ցավալի է այն փաստը, որ դասականի պահանջարկն ավելի քիչ է։ Citylife.am- Կրկին հիմք ընդունելով Ձեր դասախոսական գործունեությունը՝ արդյո՞ք Ձեր սաների շրջնակներում տեսնում եք այն պոտենցիալն ունեցող մարդկանց, ովքեր հետագայում կարող են որակյալ երաժշտություն մատուցել։

Էդգար- Հիմա ասպարեզը փոքր-ինչ փակ է, երիասարդը ունենալով տաղանդ, ցանկություն ինչ-որ փուլի հասնելով հասկանում է, որ դա շատ բարդ և ինչ-որ տեղ անարդար ճանապարհ է, քանի որ շատերը չունենալով որևէ տաղանդ, սակայն դրա փոխարեն ունենալով լավ հովանավորներ կարողանում են առաջ անցնել նրանցից, ում միակ զենքն իրենց տաղանդն է։ Իհարկե ցանկալի կլինի, որ իմ սաների մեջ գտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանան այդ ամենը շրջանցելով, անտեսելով առաջ գնալ, կլինի դա թե՛ այստեղ, թե՛ մեր պետության սահմաններից դուրս։ Իմ սաների մեջ իսկապես տեսնելով այնպիսիներին, ովքեր ունեն ցանկություն և պոտենցիալ ես նրանց հորդորում եմ, որ երաժշտությունը դառնա նրանց կենսակերպը, դա զուտ աշխատանք չէ, որ կարողանաս առավոտյան գնալ, երեկոյան տուն վերադառնալ։

Citylife.am- Էդգա՛ր, դուք մի շարք միջազգային մրցույթների մասնակից և դափնեկիր եք․առհասարակ ի՞նչ է տալիս մրցանակը արվեստագետին, արդյո՞ք զուտ գնահատված լինելու զգացողություն։

Էդգար– Միջազգային ասպարեզը նախ և առաջ դառնում է անընդհատ աշխատելու ստիմուլ, բացի այդ ձեռք ես բերում ընկերներ, մեծ պրակտիկա։ Մրցույթներն ու փառատոնները տալիս են նաև ճանաչում, իսկ դա այն է, ինչին ձգտում է արվեստի մարդը, տալիս են ֆինանսական կայունություն, որպեսզի արվեստագտը հենց իր սիրելի գորոծի շնորհիվ կարողանա վաստակել։Citylife.am- Ե՞րբ սկսվեց համագործակցությունը Absolute Band-ի հետ, և արդյո՞ք դա հենց այն երաժշտությունն է, որը ցանկանում եք պրոպագանդել։

Էդգար- Իմ և նրանց համագործակցությունը սկսվեց մեկ տարի առաջ, թեև նրանք շատ ավելի վաղուց են հանդես գալիս որպես խումբ։ Դա երաժշտության այն երկրորդ ճյուղն է, որը սիրում եմ՝ ջազ, բլյուզ, ֆանք, սոուլ: Այն ինձ տալիս է ազատության զգացողություն, եթե դասական երաժշտության մեջ ինչ-որ կոնկրետ կարծրատիպեր, նորմաներ կան, ապա այս երաժշտությունը շատ ավելի հանրամատչելի և դյուրամարս է։

Citylife.am- Ունե՞ք կուռքեր միջազգային կամ հայկական երաժշտաասպարեզում։

Էդգար– Դե իհարկե, դասական երաժշտության մեջ ինձ համար լավագույնը Բեթհովենն է, դրա հետ մեկտեղ սիրում եմ մեր Առնո Բաբաջանյանին, ում երգարվեստը գնահատելի է թե՛ մեր երկրում, թե՛ մեր երկրից դուրս, և իհարկե մեր համաշխարհային դեմքը՝ Արամ Խաչատրյանը, ով մեր երաժշտությունը բարձրացրեց միջազգայինի մակարդակի։ Citylife.am- Երբևէ Ձեզ պատկերացրե՞լ եք մեկ այլ ոլորտում։

Էդգար– Երևի թե միակ ոլորտը որում ևս կպատկերացնեմ ինձ դա բժշկությունն է, որով ժամանակին հետաքրքրվում էի, սակայն վերջերս ժամանակի սղությունը թույլ չի տալիս զբաղվել դրանով։

Citylife.am- Աշխատասիրությու՞ն, թե՞ տաղանդ․ո՞րն է առաջնայինն ըստ Ձեզ։

Էդգար- Երաժշտական ունակություններ պիտի լինեն իսկզբանե, բայց փաստը ցույց է տալիս, որ աշխատասիրությամբ մարդիկ կարողանում են հասնել ամեն ինչի։ Միանշանակ յուրաքանչյուր ոլորտում աշխատասիրությունը շատ ավելի է գնահատվում, վերջիններիս առաջ շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվում, քան այն մարդու, ով ունի տաղանդ, բայց ոչինչ չի անում այն կատարելագործելու և զարգացնելու համար։

Citylife.am- Շնորհակալ եմ, Էդգա՛ր, հետաքրքիր զրույցի համար։

Հարցազրույցը՝ Լուսանե Ջալալյանի /Citylife.am/