Մեզ հետ զրույցում դերասանուհին խոսել է իր կարիերայի սկզբի, առաջիկա պլանների մասին և ներկայացրել իր նոր ֆոտոշարքը:
Citylife.am- Բազմիցս նկարահանվել եք տեսահոլովակներում: Ե՞րբ սկսվեցին նկարահանման առաջարկները և ե՞րբ հասկացաք, որ ուզում եք այս գործով զբաղվել:
Մոնիկա– Դեռ մանկուց եմ սիրել ու զբաղվել արվեստի տարբեր ճյուղերով (երգ, պար, դերասանություն, նկարչություն): Դեռ դպրոցական տարիքից միշտ ակտիվ մասնակցություն եմ ունեցել տարբեր հանդեսներում ու միջոցառումներում: Դպրոցս ավարտելուց հետո ընդունվեցի Եվրասիա Միջազգային համալսարան, (ի դեպ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Ճիշտ է այլ մասնագիտություն ընտրեցի, բայց միշտ զգացել եմ, որ արվետը ինձ ուղեկցում է և իմ ներաշխարհում է ապրում), որտեղ կազմավորվում էր KBH-ի թիմը, և լինելով ակտիվ մասնակից ընդգրկվեցի թիմում, սակայն այն ընդհատվեց՝ կրթությունս Եվրոպայում (Լեհաստան,Վարշավա) շարունակելու հրավերքով: Վարշավայից վերադառնալուց հետո ես հասկացա, որ ինձ տեսնում եմ ավելի շատ արվեստի ոլորտում, քան այն բնագավառում, որում սովորել էի: Ցանկությունս այնքան մեծ էր բացահայտելու ինքս ինձ, որ ուսումնասիրեցի Հայաստանում նկարահանումներով զբաղվող քաստինգների ցանկը և գտա Ինդիվիդիում Քաստինգը: Գրանցվեցի Ինդիվիդիում Քաստինգում, որտեղից էլ մեկ շաբաթ անց ստացա առաջարկներ նկարահանվելու: Առաջարկները շատ էին, օր էր լինում 2 տարբեր նկարահանումների էի մասնակցում: Ճիշտ է մեծ դերեր չունեի, բայց լինելով այդ միջավայրում ես ինձ հանգիստ էի զգում և մեծ հետաքրքրությամբ էի հետևում նկարահանման ընթացքին, դերասանների խաղին, ու երազում էի, որ կգա մի օր, որ կդառնամ դերասանուհի: Շատ էի լսել Աբել Աբելյանի հիմնադրած Քաստինգ Սքուլի մասին, որտեղ էլ որոշեցի ընդունվել: Սովորելուց մի քանի ամիս անց առաջարկ ստացա «Աբելի Քույր» հեռուստասերիալում նկարահանվելու, որտեղ գլխավոր դերասանուհու՝ Տաթև Գրիգորյանի ընկերուհին էի՝ Մոնա անունով:Citylife.am- Չնայած նրան, որ միշտ նկարահանվել եք, առավել մեծ ճանաչում ձեռք բերեցիք <<Առաջնորդները>> հեռուստասերիալում նկարահանվելիս: Ինչպե՞ս ստացվեց առաջարկը, ու որքանո՞վ է նման կամ տարբեր Ձեր անձից կերպարը: Հե՞շտ եք արդյոք ընկալում կերպարին:
Մոնիկա– «Առաջնորդներ» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը եղել է շատ հանկարծակի: Ինձ նկատել են Ինդիվիդիում Քաստինգի միջոցով: Հավանություն տրվեց իմ կերպարին, որը համընկնում էր սցենարին՝ լինելով գլխավոր դերակատար Կարեն Ասլանյանի (Արամիկի) ընկերուհի: Հեռուստասերիալում անունս Անի է: Մոնիկան և Անին շատ տարբեր են, տարբեր մտածելակեպի, բնավորության և հայացքների տեր մարդիկ են: Ես իրականում ավելի զուսպ և ադեկվատ եմ, իսկ Անին իմ հակապատկերն է: Կերպարը իսկապես բարդ է, քանի որ Անին ինձ համար բացառության և ծայրահեղության մարմնացում է: Չնայած Անին լինելով բացառիկ և անսովոր կերպար՝ ես փորձում եմ իրադարձությունները նայել հենց Անիի տեսանկյունից, և արդարացնելով իր տեսակետը կարողանում եմ մտնել կերպարի մեջ և ներկայացնել իրեն: Ինձ հենց այն է դուր գալիս, որ Անին սովորական կերպար չէ, կենցաղային ու պարզ չէ: Մենք ամեն օր չենք հանդիպի Անիի նման բացառությունների հետ: Ճիշտ է կերպարս բացասական է, բայց ես ուրախ եմ ,որ կարողացել եմ հանդիսատեսին համոզել իմ խաղով, որ ես հենց այդ բացասական կերպարն եմ: Սա իմ առաջին լուրջ պրոյեկտն է, որտեղ ես սկզբից երկրորդական դերում էի հանդես գալիս, իսկ այժմ գլխավոր կերպարներից մեկն եմ: Citylife.am- Կա՞ն հատուկ կետեր որոնց բացակայության դեպքում չեք ընդունի նկարահանման առաջարկ:
Մոնիկա– Չեմ նկարահանվի բաց տեսարաններում, ոչ պրոֆեսիոնալ միջավայրում, անկազմակերպ անձնակազմի հետ:
Citylife.am- Տեսահոլովակներից, սերիալներից բացի որպես դերասանուհի ներկայացել եք նաև թատրոնում, ինչքանո՞վ է այն տարբերվում էկրանից:
Մոնիկա– Խաղացել եմ Կամերային Երաժշտական և Համազգային թատրոններում: Ես նաև թատերախմբի անդամ եմ, որը կոչվում է «13»: Առաջին անգամ հանդես ենք եկել Ալեքսանդր Օստրովսկու գրված «Բալզամինովի Ամուսնություն» (Женитьба Бальзаминова) ներկայացմամբ: Երբեք չեմ մոռանա այդ օրը՝ առաջին անգամ բեմի վրա իմ ոգևորվածությանը, լարվածությանը, և ուրախությանը չափ ու սահման չկար: Ներկայացման մեջ ես մարմնավորում էի Անֆիսային, որը էքստրավագանտ կին էր: Իր կերպարը նույնպես շատ տարբեր էր Մոնիկայից, բայց աշխատանքի շնորհիվ կերտեցի Անֆիսային և ստացա բացառիկ կերպար: Այնուհետև մենք մասնակցեցինք «Молодые-Молодым» փառատոնին, որը անցկացվում էր Մոսկվայում: Հրավերք ստացանք, որպեսզի ներկայացնենք մեր բեմադրությունը Մոսկվայի «Сцена» թատրոնում: Մեր թատերախմբի կողմից ներկայացված խաղը իսկապես հավանության արժանացավ ժյուրիի կողմից, և մեզ շնորհվեց դիպլոմ՝ Օստրովսկու գրված պիեսը այդքան ժամանակակից և օրիգինալ ներկայացնելու համար: Վերջերս ավարտել եմ Քաստինգ Սքուլը, և մեր ավարտական քննությունը ներկայացման տեսքով էր, որը խաղացինք Համազգային թատրոնում: Բեմադրությունը կոչվում էր «Ամեն գող, գող չէ», որը գրված էր իտալացի երգիծաբան Դարիո Ֆոյի կողմից: Ներկայացման մեջ ես մարմնավորում էի Գողի (Անջելո Տորնատո) կնոջը, որը փոթորկոտ և խանդոտ կին էր՝ Մարիա անունով: Մարիային մեծ հաճույքով եմ խաղացել, իսկապես հետաքրքիր և ուրախ կերպար էր ինձ համար: Թատրոնը և կինոն իսկապես տարբեր են: Ինձ համար տարբեր աշխարհներ և միջավայրեր են: Ես երկուսն էլ սիրում եմ, քանի որ հետաքրքիր ու տարբեր դրսևորումներ և մոտեցումներ եմ բացահայտել ինձ համար: Բեմի վրա ես ինձ ավելի ազատ եմ զգում, ազատ եմ իմ զգացմունքներում, իմ յուրաքանչյուր շարժման մեջ, իմ արտահայտած խոսքի և մտքի մեջ: Բեմի վրա կարող ես իմպրովիզ անել, խաղալ այնպես, ինչպես այդ պահին զգում ես: Կինոյի ասպարեզում ավելի զուսպ եմ. այդքան ազատություն չկա ստեղծագործելու, որքան բեմի վրա, բայց միևնույն է, երկու ուղղություններն էլ սիրում եմ, քանի որ յուրահատուկ են ինձ համար:Citylife.am-Առաջիկայում ի՞նչ նախագծերում կարող ենք Ձեզ տեսնել:
Մոնիկա- Առաջիկայում ունեմ շատ պլաններ ու ակնկալիքներ, բայց դա թող լինի անակնկալ իմ սիրելի հանդիսատեսի համար: Ուզում եմ նաև ներկայացնել AG Production-ը, որի հիմնադիրն է Արա Ղազարյանը: Արայի առաջարկած օրիգինալ և տարբերվող մոտեցումներն են միշտ ինձ գրավել և դրա շնորհիվ է մեր երկար տարիների թե՛ ընկերությունը, և թե՛ համագործակցությունը պահպանվել: Ստորև ներկայացնում ենք մեր այս տարվա առաջին համագործակցությունը:
Հարցազրույցը՝ Շողիկ Ղազարյանի /Citylife.am/