
Citylife.am-ի հյուրը դերասանուհի Տաթև Հովակիմյանն է, ում հետ ունեցանք բավականին անկեղծ և հաճելի հարցազրույց:
Citylife.am- Տա՛թև, մի փոքր պատմեք ձեր մանկությունից: Սերը դեպի արվեստ եկել է հենց մանկությա՞ն տարիներից:
Տաթև- Անկեղծ ասած, դա ամենադժվար հարցերից մեկն է, որովհետև այն ծնվում է մեզ հետ, և մենք սկսում ենք սիրել արվեստը: Մայրս նունպես շատ է սիրել արվեստը. սովորել է գեղարվեստաթատերական ակադեմիայում: Հետաքրքիրն այն է, որ երկու քույր ենք, բայց իմ մեջ ավելի շատ է սերը դեպի արվեստը: Դեռ դպրոցական տարիներից մասնակցել եմ մշակույթային մի շարք միջոցարումների:
Citylife.am- Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին: Ընտանիքում միայն դու՞ք եք ընտրել դերասանուհու մասնագիտությունը:
Տաթև- Մայրս գնացել է այդ ուղղությամբ, բայց հետո ընդունվել է բժշկական համալսարան: Կարելի է ասել` միայն ես եմ զբաղվում արվեստով: Այս ամենը մեր տանը սկսել եմ ես և հուսով եմ՝ կշարունակվի:Citylife.am- Մուտքը դեպի թատերական կյանք շատերի համար սկսվել է մի շարք դժվարություններով։ Ձեր դեպքու՞մ էլ կային այդ դժվարությունները։
Տաթև- Միայն մուտքը չէ, որ դժվարություններով է սկսվում, առհասարակ, թատերական կյանքը սկսվում և շարունակվում է դժվարություններով: Եվ պետք է հասնել այն մակարդակին, որ կարող ես հաղթահարել այդ ամենը և պարզապես հաճույք ստանալ: Եվ, այո՛, ինձ համար նույնպես սկսվել է դժվարություններով և շարունակվում է: Ուրախ եմ դրա համար, քանի որ այլ կերպ չեմ պատկերացնում իմ կյանքը:
Citylife.am- «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի համար ընտրվել էիք որպես գլխավոր հերոսուհի: Ինչպե՞ս եղավ առաջարկը:
Տաթև- Այդ ժամանակ թատերական ինստիտուտի չորրորդ կուրսում էի, և որոշեցի քայլ անել դեպի կինո: Արդեն զբաղվածություն ունեի նաև թատրոնում: Առաջարկը ստացել եմ ռեժիսորի կողմից: Սցենարը կարդալուց հետո, անմիջապես համաձայնվել եմ: Դա իմ առաջին փորձն էր, և իմ ամենասիրելի կերպարներից մեկը: Citylife.am- Չկա՞ր արդյոք մտավախություն` կերպարը ոչ ճիշտ և լիարժեք ներկայացնելու:
Տաթև- Մտավախությունը միշտ և բոլոր դերասանների մոտ կա: Նույնը նաև թատրոնում է: Ոչ ոք միանշանակ չի կարող ասել, որ կերպարը սիրվելու է հանդիսատեսի կողմից: Դու անում ես աշխատանքը, և սպասում ես դիտողի արձագանքին:
Citylife.am- «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում նկարահանվելուց հետո ինչպիսի՞ փոփոխություններ եղան ձեր կյանքում:
Տաթև- Անձնական կյանքում, որպես այդպիսին փոփոխություններ չեն եղել, իսկ մասնագիտական առումով դարձա ավելի պրոֆեսիոնալ:Citylife.am- Արդյոք Ձեզ կտեսնե՞նք նաև հայկական սերիալներում։ Եթե ոչ, ապա ինչու՞։
Տաթև- Ինձ համար շատ դժվար է դատել սերիալները, որովհետև ինձ շատ հարազատ մարդիկ խաղում են սերիալներում: Մենք չունենք սցենարական դպրոց, և դա է երևի թե պատճառներից մեկը: Մենք չենք հասել այն մշակույթին, որ կարողանանք թեկուզ տասը մասից բաղկացած լավ սերիալ ունենալ: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչն է ինձ խանգարում, կփորձեմ սխալը իմ մեջ էլ փնտրել: Միգուցե ես պատրաստ չեմ կերպարը պահել ամիսներ շարունակ:
Citylife.am- Վերջերս նկարահանվեցիք նաև «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմում: Մի փոքր կպատմե՞ք Ձեր կերտած կերպարի մասին:
Տաթև- Լիլիթը այն կերպարներից մեկն է, ով երեք օր հայտնվում է փլատակների տակ: Նկարահանումները ինձ համար անցել են բավականին լավ: Աշխատել նման հզոր թիմի հետ, կարծում եմ՝ շատ լավ է: Պրոֆեսիոնալիզմի առումով Լիլիթի կերպարը ավելի աշխատված էր, քան Արևիկի, բայց այն հոգին, որ կար Արևիկի կերպարում, ավելի շատ էր:
Citylife.am- Շատերն են մատնանշում կինեմատոգրաֆիայում առկա թերությունները։ Ըստ Ձեզ որո՞նք են այդ թերությունները, և ի՞նչ պետք է անել ոլորտի առաջխաղացման համար։
ՏԱԹև- Այդ ամենը մեզնից է կախված, մենք ենք այդ ամենի թելադրողը: Բողոքելու փոխարեն ավելի լավ է ճիշտ գործել: Եվ խոսել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան հնարավորություն կունենանք փոխելու:
Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/