Այսօր և միշտ ժողովրդական երգը գտնվել և գտնվում է իր ուրույն` բարձր տեղում. Եվա Եգանյան

Citylife.am-ի հյուրն է ժողովրդական երգչուհի Եվա Եգանյանը: Միասին զրուցեցինք և տեղեկացանք այս տարվա հետ կապված երգչուհու ստեղծագործական քայլերի մասին:

Citylife.am- Եվա´, ո՞վ կամ ի՞նչը Ձեզ ուղղորդեց դեպի հայկական Ժողովրդական երգն ու երաժշտությունը:

Եվա– Հայկական ժողովրդական երգն ու երաժշտությունն ինձ ուղղորդեց իմ անցած` հարուստ երաժշտական ուղին: Երբ սովորում էի կոնսերվատորիայի դասական կոմպոզիտորական բաժնում, մեծ սեր ու ոգևորություն արթնացավ նաև մեր ազգային երգ-երաժշտության հանդեպ: Մասնակցեցի <<Ժողովրդական երգիչ>> նախագծին, որտեղից էլ դարձա հայտնի ավելի մեծ շրջանակների կողմից:Citylife.am- Երգելով Ժողովրդական երգեր` Դուք մեզ ավելի եք մոտեցնում մեր ակունքներին: Ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում Ժողովրդական երգն այսoր:

Եվա– Այսօր և միշտ ժողովրդական երգը գտնվել և գտնվում է իր ուրույն` բարձր տեղում:

Citylife.am- Լսելով մեր ազգագրական երգերը՝ հասկանում ենք, որ մենք իսկապես պարծենալու տեղ ունենք: Իսկ ի՞նչ զգացողություն ունեք Դուք, երբ անձամբ եք կատարում դրանք:

Եվա– Մոտենում եմ երգերին շատ զգուշորեն, երգը հասկանում, անցկացնում եմ իմ միջով և ապա կատարում: Իհարկե´, հոգիս երգի մեջ դնելով, սիրով ու անկեղծ:Citylife.am- Այսoր երիտասարդության մի զանգված կա, որը պարզապես չի հետաքրքրվում ազգային երաժշտությամբ: Դուք, նույնպես լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, արդյո՞ք զգացել եք այդ անտարբերությունը:

Եվա– Չէի ասի անտարբերություն, պարզապես, ինչ այդ պահին ավելի շատ է պրոպագանդվում, դա էլ ավելի շատ են լսում: Բայց վերջին տարիներին ժողովրդական երգ-երաժշտությունը գնալով ծաղկունք է ապրում: Իմ կյանքում հաճախ հաճելի դեպքեր են գրանցվում, երբ դրսում ինձ ճանաչում և մոտենում են 4, 5 և բարձր տարիքի երեխաներ, մեծահասակներ, հարցնում ինձ իմ երաժշտական գործունեությունից, ասում, որ սիրում ու հետևում են իմ արվեստին: Սա նշանակում է, որ սիրում են մեր երաժշտությունը: Ուղղակի անկարելի է չսիրել մի երաժշտություն, որը քո պատմությունն է, քո գենը, քո արմատից բխող երգը:

Citylife.am- Ամփոփելով նախորդ տարին, ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք տարվա ընթացքում:

Եվա- Տարին ստեղծագործական առումով բուռն տարի էր` լի համերգներով, շրջագայություններով և ձայնագրություններով: Կայացավ իմ 1-ին հեռուստատեսային մենահամերգը` <<Արենա live>>-ը, 2 անգամ տարբեր մրցանակաբաշխությունների ընթացքում արժանացա <<Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի>> անվանակարգին, որի համար անչափ ուրախ եմ ու շնորհակալ իմ հանդիսատեսին:Citylife.am- Ի՞նչ պլաններ ունեք կապված այս տարվա հետ:

Եվա– Ունեմ համերգային շրջագայություններ տարբեր երկրներում, տեսահոլովակի նկարահանում, ձայնասկավառակի թողարկում:

Citylife.am- Եվ վերջում` փորձեք նկարագրել այն, ինչ տալիս է Ձեզ երգը:

Եվա- Երգն ու երաժշտությունը իմ կյանքի անքակտելի մասն են, առանց որոնց ուղղակի ես չեմ լինի ես:

Citylife.am- Շնորհակալ եմ, Եվա´:

Հարցազրույցը ` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/