Ուկրաինական X ֆակտորում հաղթանակած Սևակ Խանաղյանն առաջին անգամ հայրենիքում է

Հունվարի 13-ին <<Հավանա>> ռեստորանային համալիրում հայ երկրպագուները Հին Նոր տարին նշեցին Ռուսական՝ <<Ձայնը>> նախագծի մասնակից և Ուկրաինական՝ <<X factor>> նախագծի հաղթող՝ Սևակ Խանաղյանի հետ: Երգչի առաջին Հայաստանյան համերգի մասնակիցները փաստում են, որ համերգն անցել է անմոռանալի կերպով: Երեկոյի ընթացքում հնչեցին Սևակի հեղինակային երգերը, ինչպես նաեւ այնպիսի երգեր, որոնք երգչի գործունեությանը հետևողները լսել էին դեռ հեռուստանախագծերից: Համերգին ներկա էին նաև Խանաղյանի ընտանիքի անդամները: Ներկաներին բաժանվեցին Սևակի լուսանկարով և ինքնագրով 2017 թվականի օրացույցներ, և հատուկ այս օրվա համեղ քաղցրավենիքներ: Վերջում երկրպագուները հնարավորություն ունեցան իրենց կողմից սիրված երգչի հետ շփվելու և լուսանկարվելու: Սևակի հաջորդ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ կլինի արդեն փետրվարի 19-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Ավելի վաղ՝ ակումբային համերգից ժամեր առաջ, Սևակը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Հանդիպման ժամանակ Սևակը նշեց, որ շատ շնորհակալ է աջակցության համար: Հայրենակիցների աջակցությունը երգիչը զգացել է մրցույթի ամբողջ ընթացքում: «Հույս ունեի, որ հայրենակիցներս աջակցելու են ինձ, բայց չէի պատկերացնում, որ այդ աստիճան հզոր աջակցություն եմ ունենալու: Դա նաև մեծացնում էր պատասխանատվությունը. պետք է արդարացնեի մարդկանց հույսերը»: Նշենք, որ տասներեք տարեկանում Սևակն ընտանիքի հետ հայրենի Մեծավան գյուղից տեղափոխվել է Մոսկվա մշտական բնակության: Այնտեղ էլ ստացել է երաժշտական կրթությունը: Մասնակցել է ռուսական երկու հայտնի երաժշտական նախագծերի: Թեև հաղթանակ չի գրանցել, բայց դարձել է սիրված ռուս հանդիսատեսի շրջանակում: Իսկ ուկրաինական X ֆակտոր նախագծում հայորդին գրանցեց իր առաջին հաղթանակը: Citylife.am-ը երգչի հետ հանդիպման վերջում մաղթեց, որ նա այնքան համեստ մնա, ինչպես հիմա է:

Նյութը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/