Հիսուս Քրիստոսի ծնունդ՝ քրիստոնեական գլխավոր տոներից մեկը, որը նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելուն: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սբ. Ծնունդը նշել են հունվարի 6-ին:
Ըստ hայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։
Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի՝ Սուրբ ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ և տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»
Նյութը՝ Նազիկ Գալստյանի/Citylife.am/