Դերասանական արվեստն ինձ համար անփոխարինելի է. Օլյա Հակոբյան

Citylife.am-ի 2017 թվականի առաջին հարցազրույցի հյուրը դերասանուհի է Օլյա Հակոբյանն է, ում հետ ամփոփելով նախորդ տարին, զրուցեցինք աշխատանքային գործունեության, հետաքրքիր պատահականությամբ մշտապես բացասական դերեր կերտելու, առաջիկա նախագծերի մասին:

Citylife.am- Օլյա՛, մասնագիտությամբ դերասանուհի եք, բայց գիտեմ, որ մեծ սեր եք ունեցել նաև նկարելու հետ: Ինչպե՞ս Ձեր մեջ հաղթեց դերասանուհին:

Օլյա Կարող եմ ասել՝ շատ պատահական։ Ուղղակի հասկացա, որ նկարել միշտ էլ կարող եմ։ Լինում է, երբ պարզապես պահանջ եմ զգում որևէ էմոցիա արտահայտելու նկարելու միջոցով. այդ ժամանակ նկարում եմ, իսկ դերասանական արվեստն ինձ համար անփոխարինելի է։

Citylife.am- Եթե կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայիք, կլիներ դա  դերասանուհու՞ մասնագիտությունը, թե՞ արդեն մեկ այլ

Օլյա– Կարծում եմ` կլիներ դերասանուհու մասնագիտությունը: Այլ մասնագիտությունների ևս կցանկանայի ծանոթանալ, թեկուզ՝ որպես հոբբի, օրինակ` հարվածային գործիքներ, դաշնամուր։ Մի խոսքով շատ բան կա, որ հետաքրքրում է ինձ։

Citylife.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ անհասկանալի պատճառներից ելնելով,Ձեզ միշտ բացասական դերեր են վստահում: Ինչպես գիտենք մեր հասարակությունն էլ սովորություն ունի իրական կյանքն ու դերասանական խաղը նույնացնելու: Չի՞ եղել  մտավախություն հասարակության կողմից չընդունվելու կամ սխալ ընկալվելու

Օլյա– Եթե ունենայի նման մտավախություն, ապա չէի ստանձնի նմանօրինակ դերեր։ Ամեն դեպքում ես դերասանուհի եմ, և բացասական դերեր կերտելը ևս մեծ աշխատանք է պահանջում, ինչն անում եմ մեծ սիրով։ Կարծում եմ` հեռուստադիտողը կգնահատի դա։ Չի ընդունվում կերպարը, այլ ոչ թե դերասանը։ Իսկ եթե չի ընդունվում, ավելի լավ այս պարագայում։ Հիմա կուզենայի լրիվ այլ կերպար մարմնավորել, այսպես ասած՝ դրական։

Citylife.am- Օլյա՛, շատ դերասաններ մշտապես նշում են, որ թատրոնն ու կինոն առանձին աշխարհներ են, միմյանցից  բավականին տարբերվող: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեն դրանցից յուրաքանչյուրը, և ո՞րն է ավելի հոգեհարազատ:

Օլյա– Իհարկե, թատրոնը լրիվ ուրիշ աշխարհ է. այնտեղ դու կարող ես ստեղծագործել, օրեցօր նոր բաներ գտնել, ամեն փորձի ժամանակ հաճույք ստանալ քո կատարած աշխատանքից, իսկ ներկայացման ժամանակ նորից ծնվես և ապրես նորովի: Ինչ վերաբերում է ֆիլմին՝ կարող եմ ասել, որ դա ևս երանելի աշխարհ է, և միանշանակ, իմն է: Սերիալները համարում եմ լավ տարբերակ, որտեղ դերասանը կարող է ամեն օր տեսնել իր սխալները, և ուղղել դրանք, այսպես ասած՝ տրինաժոր, որն օրեցօր կարող է օգնել դերասանին կատարելագործվել:

Citylife.am- Յուրաքանչյուր դերասանի համար, կարծում եմ, չափազանց կարևոր է նաև աշխատանքային կոլեկտիվը: Ձեր կոլեկտիվում կան բազմամյա փորձ և մեծ հմտություններ ունեցող դերասաններ: Նրանց ներկայությունը ավելի շատ ոգևորո՞ղ է Ձեզ համար, թե՞ պարտավորեցնող:

Օլյա Միանշանակ և՛ ոգևորող, և՛ պարտավորեցնող, և՛ ուսուցանող: Այդ դերասաններից պետք է հնարավորինս սովորել: Մեզ հետ աշխատում են ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր ակամայից մաստեր կլասս են անցկացնում:

Citylife.am- Կա մի տեսակետ, ըստ որի իր գործի նվիրյալ դերասանը երբևէ չի հոգնում նույնիսկ անդադար նկարահանում ներից, այսինքն՝ աշխատանքում հանգստանում է: Կիսու՞մ եք այս տեսակետը

Օլյա Աշխատանքային օրվա ընթացքում միգուցե թվա, թե հոգնել ես, բայց եթե աշխատանքային գործընթացում չես, մեծ բաց ու դատարկություն ես զգում հոգում, սրտում:

Citylife.am- Խոսելով դերասանական կրթության մասին, հետաքրքիր է՝ ոլորտի ի՞նչ բացթողումներ եք նկատում:

Օլյա– Փա՛ռք Աստծո, ինձ կրթել է ամենաբանիմաց ուսուցիչը՝ լուսահոգի Արմեն Մազմանյանը: Դրանք երանելի տարիներ էին: Հիմա իմ կարծիքով ավելի քիչ է ուշադրություն դարձվում հենց մասնագիտությանը: Այսօր շատ են այլ մասնագիտություն ունեցող մարդիկ, որոնք աշխատում են այս ոլորտում, չնայած նրանց մեջ կան բավականին շնորհալիները: Այնուամենայնիվ, մասնագիտական շատ նրբություններ կան, որոնք դերասանը սովորում է ինստիտուտում:

Citylife.am- Ինչպիսի՞ն էր նախորդ՝ 2016 թվականը Ձեզ համար:

Օլյա– Ինձ համար նախորդ տարին նշանավորվեց նրանով, որ երկար դադարից հետո վերադարձա և նորից աշխատում եմ իմ մասնագիտությամբ:

Citylife.am2017 թվականը, ասում են՝ բարեհաջող է լինելու բոլոր նրանց համար, ովքեր կաշխատեն ու կձգտեն էլ ավելիին: Ի՞նչ նախագծեր կան գալիք տարում, և երկրպագուները ի՞նչ նորություններ սպասեն սիրելի դերասանուհուց:

Օլյա– Դե, եթե 2017 թվականը բարեհաջող է լինելու այն մարդկանց համար, ովքեր սիրում են աշխատել և ձգտումներ ունեն, ապա կարող եմ ասել, որ ինձ համար այն ևս կլինի բարեհաջող:

Citylife.am- Շնորհակալ եմ հաճելի և բովանդակալից հարցազրույցի համար: Citylife.am-ը շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով ընթացիկ տարում մասնագիտական ավելի մեծ ձեռքբերումներ և ամենայն բարիք:

Հարցազրույցը՝ Նելլի Հովհաննիսյանի /Citylife.am/